ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ծիրանային» իրարանցում

«Ծիրանային» իրարանցում
04.07.2008 | 00:00

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը (տնօրեն՝ Հարություն Խաչատրյան) պաշտոնապես կմեկնարկի հուլիսի 13-ին, Ռոման Բալայանի «Դրախտի թռչնակներ» ֆիլմի ցուցադրությամբ։ Սակայն փառատոնի կազմկոմիտեի ջանադիր հետևողականությամբ 7-օրյա լայնամասշտաբ կինոտոնի իրադարձային նշանակությունը՝ օրավուր հաճախացող տեղեկատվական ներարկումներով, սրվում ու սրվում է։ Նպատակն առաջին հոբելյանի նշանավորմանը նախապես փքուն տոնախմբության արժեք հաղորդելը չէ։ Ընդհակառակը։ Հինգերորդ «Ոսկե ծիրանի» քաղցրահամը բացման և փակման շքեղաշուք արարողություններով չէ, որ ենթադրվում է հավաստել։
Մասնակցության հայտ ներկայացրած 65 երկրների 454 ֆիլմերից խստահայաց ընտրությամբ առանձնացված 166-ից 53-ը ընդգրկված են մրցութային հիմնական ծրագրերում (խաղարկային, վավերագրական, հայկական համայնապատկեր)։ Արտամրցութային 8 ծրագրերի ու միջանկյալ բազմազան միջոցառումների միտումը մեկն է՝ հնարավորինս ամբողջական պատկերացում կազմելու աննախադեպ առիթ ընձեռել համաշխարհային կինոէկրանի այլազան պատկերներից, գեղագիտությունից ու խմորումներից անիրազեկ մեր հասարակությանն արդի միջազգային կինոշուկայի իրական բովանդակության մասին։ Հանրամատչելիությունն ապահովված է գլխավոր հովանավոր ՎիվաՍելի կողմից՝ տոմսերի արժեքը հասցնելով խորհրդանշական 300 դրամի։ Մնում է զանգվածային լրատվամիջոցների ստվար բանակի մեկտեղված ակտիվությամբ բորբոքել մշակութասեր հանրության հետաքրքրասիրությունը «ծիրանային» ուշագրավ նոր նախաձեռնությունների, նախորդների հուսադրող արգասաբերության նկատմամբ։ Վերլուծական լուսաբանման բարձր մակարդակ է ակնկալվում Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից ու Հայաստանից՝ ընտրված երիտասարդ կինոլրագրողներին ու քննադատներին երևելի կինոգործիչների հատուկ դասընթացներով նախապատրաստելու արդյունքում։ Ռուս կինոգետ Կիրիլ Ռազլոգովի մայիսյան եռօրյա սեմինարներից քաղված դասերը կլրացվեն նիդեռլանդացիներ, հանրահռչակ կինոքննադատ Փիթեր վան Բյուերենի և «Փառատոն» օրաթերթի խմբագիր Անդրե Վարդենբուրգի գործնական պարապմունքներով։ Հազար օրինակ տպաքանակով լույս ընծայվելիք երկլեզու «Ոսկե ծիրան» 8-էջանոց օրաթերթով, հուսանք, կարելի կլինի ամբողջացնել փառատոնի հոբելյանական տարեգրությունը ևս։ Որոշ հիշարժան փաստեր նրանում արձանագրվելու իրավունքն արդեն նվաճել են։ 2005-ից եվրոպական մշակութային խորհրդարանի հովանու ներքո գործող փառատոնին անցյալ տարի արտոնվեց կրել Եվրախորհրդի խորհրդանիշը։ Բոլորովին վերջերս Փարիզի Ելիսեյան դաշտեր, 34 հասցեում` Ռայմոնդ Եզեգելյանի տրամադրած գրասենյակում, բացվեց «Ոսկե ծիրանի» եվրոպական ներկայացուցչությունը։ «Ոսկե ծիրանի» նախագահ Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմը Կաննի հանրահայտ կինոփառատոնում արժանացավ էկումենիկ ժյուրիի մրցանակին։ Չմոռանանք, որ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1966 թ.) կինոժապավենից հետո այս հեղինակավոր փառատոնի հետ մեր կապերը ցավալիորեն խզվել էին։ Ոգեշնչող է երիտասարդ կինոգործիչներ Արման Թադևոսյանի («Փոխակերպում»), Դիանա Մկրտչյանի («Գաթա») և Վրեժ Քասունու («Գուցե սեր, գուցե ոչ») կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության փաստը Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում։ Նաև՝ «Ոսկե ծիրանում» կյանքի ուղեգիր ստացած «Ժաննան և ձայները» (ռեժիսոր՝ Միքայել Վաթինյան, պրոդյուսեր՝ Արմինե Անդա) նախագծի ներկայացումը Կաննի կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագրի շրջանակներում՝ Պուսանի (Հարավային Կորեա) Զարգացման Ծրագրում ունեցած հաջողությունից հետո։ Ի դեպ, «Ոսկե ծիրանի» առաջին (2007) ՌԱՍ համաժողովի մրցույթում հաղթած երկու՝ Գեորգի Չալաուրիի «Սուսան» (Վրաստան) և Իննա Սահակյանի «Վերջին երկու լարախաղացները» (Հայաստան) կինոնախագծերն այսօր գտնվում են նկարահանման փուլում։ ՈՒրեմն, չի բացառվում, որ «Ոսկե ծիրան-5-ի» շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպվող «Համահայկական կինոնախագիծ» 6-օրյա համաժողովում հայազգի անվանի կինոգործիչների հավաքական ջանքերով, ի վերջո, կուրվագծվի հայապատում որևէ կինոնկարի ուշագրավ մտահղացումը, որի իրականացմանն ուղղորդված մտավոր-ֆիզիկական-նյութական միջոցներով հնարավոր կդառնա հաղթահարել մեր կինոարվեստի ներկա ճգնաժամը գեթ մեկական խաղարկային և վավերագրական լիարժեք ֆիլմ-նախագծերի նկարահանմամբ։ Հայկական կինոարտադրության զարգացման կոնկրետ ուղիների կանխորոշման հեռատեսությամբ է առանձնանում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի նախաձեռնած «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորհրդակցությունը՝ «Կիևյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրի, ինչպես նաև ԵԽ անդամ այլ երկրների թվով 16 հեղինակավոր ֆիլմարտադրողների, կինոգործիչների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կկայանա հուլիսի 18-ին, ՀՀ ԱԳՆ խորհրդակցությունների դահլիճում։
Ճանաչողական, գործնական, ստեղծագործական նշանակություն ունեցող միջոցառումներով է հագեցած հոբելյանական «Ոսկե ծիրանի» ծրագիրը։ Մայրաքաղաքի «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնների դահլիճներից զատ կինոսիրողներին կհյուրընկալեն նաև Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի երկու սրահները։ ՀԹԳՄ նորոգված դահլիճում նախնական դիտումների բարեպատեհությամբ՝ զանգվածային լրատվամիջոցները, կարծում եմ, ի զորու կլինեն հստակ կողմնորոշելու կինոհետաքրքրասերների «ծիրանային» երթուղիները։ Վիմ Վենդերսի, Դարիուշ Մեհրջուինի, Գորան Պասկալևիչի, Արտավազդ Փելեշյանի, Կատրին Բրիանի, Ռոման Բալայանի, Նորայր Կասպերի, Ժիլբեր Կարսուի և արդի կինոաշխարհի մի շարք այլ երևելիների հետ անմիջական շփումներով ու ստեղծած կինոարժեքներին հաղորդակցվելով գուցե իսկապես լցվի տարիներով խորացված ինֆորմացիոն անջրպետը` նոր թռիչքի նախապատրաստող բովանդակալից պարունակությամբ։ Մութ ու ցուրտ 90-ականներն էլ, վերջապես, մղձավանջային երազահուշ դարձան։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ Թատերագետ

Դիտվել է՝ 10559

Մեկնաբանություններ